img-holiwood
2022-08-04

Կարաբալա

Սև տղան

Նախկին Աստաֆյան փողոցի (ներկայիս Աբովյան) սկզբնամասի մայթեզրն ամեն օր իր ծաղիկների բույրով էր լցնում մի մարդ՝ արտասովոր անունով՝ Կարաբալա, որը թուրքերեն նշանակում է «սև տղա», բայց տղան ոչ սև էր,

Նա բարձրահասակ, նիհար ու մի տեսակ կռացած քայլվածքով մարդ էր, որը ձախ ձեռքում պահում էր ծաղկեփնջերով լի զամբյուղը, իսկ աջ ձեռքով պարզում էր այն մի հատիկ նուրբ վարդը, որը կարող էր նույնիսկ չվաճառել, այլ նվիրել իր համակրանքին արժանացած անցորդ կանանց՝ դարձնելով նրանց օրը յուրահատուկ, բուրումնավետ և հիշարժան: Լցնելով նրանց սիրտն ու բնակարանը հոգին ջերմացնող բուրմունքով

Բայց ո՞վ էր նա:

Որտեղի՞ց էր եկել: Վարկածներ կան, որ նա հարուստ ընտանիքից էր, ծնվել էր 1900 թվականին Քանաքեռ գյուղում, հետագայում տեղափոխվել էր Կոնդ: Ասում են, որ ծնողներն այժմյան «Երիտասարդական» մետրոյի տարածքում ծաղիկների պարտեզ են ունեցել: Սակայն ինչ-ինչ պատճառներով հայրը սննկացել է և զրկվել իր ունեցվածքից: Նույն լեգենդն ասում է, որ Կարաբալան ամուսնացել է Աշխեն անունով մի կնոջ հետ: Ունեցել է որդի: Բայց հետագայում կինը լքել է ամուսնուն, երբ 1926 թվականին Կարաբալան փողոցում պաշտպանելով իր անփոխադարձ սիրուն՝ դերասանուհի Արուս Ոսկանյանին՝ դանակահարել է մի թուրքի և հայտնվել է Երևանի քաղաքային բանտում կամ Ուղղիչ Տանը: Եվ ու՞մ հետկզարմանաք՝ Եղիշե Աբգարի Սողոմոնյանի կամ Եղիշե Չարենցի՝ նույն հոդվածով և նույն բանտախցում:

Կարաբալան անհույս սիրահարված էր: Ամեն օր սպասում է, թե երբ է դերասանուհին անցնելու իր կողքով, որպեսզի պարզի իր ծաղկեփնջի ամենակարմիր ու ամենաբուրավետ վարդը: Ասում են` Երբ կինը լքում է Կարաբալային ու վաճառում տունը, Կարաբալան անօթևան է մնում: Կինը երկար ժամանակ թույլ չի տալիս որդուն՝ Ժորժիկին հանդիպել հոր հետ: Միայն տարիներ անց, երբ որդին արդեն հայր դարձած է լինում, գնում են Աստաֆյան փողոց, որտեղ մշտապես կանգնած էր Կարաբալան և ծանոթացնում նրան փոքրիկ թոռնիկի՝ Լևոնի հետ, որին սառացակալած ու դողդողացող ձեռքերով առաջին և վերջին անգամ գրկում է պապիկը՝ Կարաբալան

Երևան քաղաքի լեգենդը, գունագեղ ծաղիկների տիրակալը, մահանում է ձմռան մի ցուրտ օր՝ սառելով մայթի վրա, մեն-մենակ ու անօգնական:

Ահա այսպես նա եկավ անհայտությունից  ու գնաց նույն ճանապարհով, բայց դա չխանգարեց, որպեսզի Լևոն Թոքմաջյանի կողմից քանդակված նրա արձանը 1995 թվականից ի վեր զարդարի Աբովյան փողոցը, որտեղ բարի ժպիտով  ծերուկը մի կտոր սեր է տալիս անցորդներին իր պարզած ծաղիկների միջոցով: Նրա արձանը նշան է, որ Կարաբալան չի մոռացվելԴա նրա հիշատակի խորհրդանիշն է՝ ավելի երջանիկ, ավելի ուրախ, քան ինքը՝ լեգենդը

Բազմաթիվ գարնանամուտներ կխորհրդանշեն Կարաբալային, այն «սև տղային», որն ապրեց տխուր սրտով, բայց բարի ժպիտով, քաղաքին գույն տվողին, բայց գորշ կյանքով ապրողին, ցրտից մայթի վրա սառողին, բայց հավետ ջերմ սրտովին: